Գանձապետական պահառու
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի Գանձապետական պահառու բաժինը իրականացնում է թողարկված պետական կարճաժամկետ պարտատոմսերի և խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի անմիջական վաճառք` իրականացնելով դրանց հաշվառումը և սպասարկումը: Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ներդրողները համագործակցում եք պետության հետ:
Գանձապետական պահառուի նպատակն է աջակցել այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են հուսալի և ապահով ներդնել իրենց խնայողությունները:Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող են ձեռք բերել ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և կազմակերպությունները, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները:
ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր ձեռք բերելիս`
- Դուք ազատվում եք ամեն տեսակ միջնորդավճարներից
- Ձեր կողմից ստացված եկամուտը չի հարկվում պետության կողմից
- Ձեր ներկայացրած հայտը բավարարվում է առաջնահերթորեն:
Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերը թողարկվում են ՙՀայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման պայմանները, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման և մարման սպասարկման կարգը՚ հաստատելու մասին ՀՀ կառավարության 2006թ. հոկտեմբերի 19-ի թիվ 1606-Ն որոշմամբ:
Խնայողական արժեկտրոնային պարտատոմսեր ձեռք բերելիս ներդրողներն իրենց եկամուտը ստանում են սահմանված ժամանակահատվածում` եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան պարբերականությամբ` արժեկտրոնների միջոցով, իսկ պետական կարճաժամկետ պարտատոմսեր ձեռք բերելիս` սահմանված ժամկետի վերջում:
Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխում են միայն Գանձապետական պահառու համակարգի միջոցով և վաճառվում են բացառապես ֆիզիկական անձանց: Այս պարտատոմսերը կարող են թողարկվել 3 ամսից մինչև 25 տարի մարման ժամկետով և վաճառվել անվանական արժեքով կամ անվանական արժեքի նկատմամբ հավելավճարով:
Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի դեպքում եկամտաբերությունը հայտարարվում է մինչև պարտատոմսերի ազատ վաճառքը, որի շնորհիվ ներդրողները հնարավորություն են ունենում նախօրոք` մինչև պարտատոմսեր ձեռք բերելը տեղեկանալ սպասվող եկամտի ծավալի մասին:
Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերը գրավադրման, նվիրատվության և առք ու վաճառքի ենթակա չեն, սակայն հետգնման օրերին ներդրողներին հնարավորություն է ընձեռված ցանկության դեպքում պարտատոմսերը հետ վերադարձնել թողարկողին և ստանալ մինչ հետգնման պահը հաշվարկված եկամուտները` առանց որևէ կորստի:
Պետական պարտատոմսերով գործարքներն իրականացնելու համար Գանձապետական պահառուի կառուցվածքում կազմավորվել են վեց սպասարկման կետեր, որոնք տեղակայվել են Երևան քաղաքի տարբեր հատվածներում` ներդրողներին ֆիզիկապես մոտ գտնվելու նպատակով:
Պետական պարտատոմսեր ձեռք բերելու համար կարող եք այցելել ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի որևէ սպասարկման կետ հետևյալ հասցեներում`
- Սեբաստիա 141/1` Արարատ բանկի ՙՍեբաստիա՚ մասնաճյուղի տարածքում,
- Ամիրյան 23/1` Հայէկոնոմբանկի տարածքում,
- Թոթովենցի փողոց, նրբանցք 4` Հայբիզնեսբանկի ՙՆոր-Նորք՚ մասնաճյուղի տարածքում,
- Տիգրան Մեծի 24` Արդշինինվեստբանկի ՙԷրեբունի՚ մասնաճյուղի տարածքում,
- Վաղարշյան 19` Յունիբանկի ՙՎաղարշյան՚ մասնաճյուղի տարածքում,
- Պուշկինի 19` Արարատ բանկի տարածքում:
Մանրամասների համար կարող եք դիմել Գանձապետական պահառուի բաժին հետևյալ հեռախոսահամարներով`59-52-35 և 59-52-40: |