| Նախարարության կառավարումը
9.Նախարարությունը կառավարում է նախարարը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության Նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը խորհրդակցելով նախարարի հետ:
Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, սույն կանոնադրությամբ, իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10.Նախարարը իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:
11.Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:
12.Նախարարը
-
նախարարությանը վերապահված լիազորությունների սահմաններում ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.
-
ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
-
օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.
-
իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, տալիս է բյուջետային երաշխիքներ, պետական թղթային պարտատոմսեր, մուրհակներ, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում վերալիազորման իրավունքով լիազորագրեր,
-
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
-
պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին:
-
օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանները, ինչպես նաև դասային ասիճանն իջեցնում և դասային աստիճանից զրկում է.
-
օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.
-
սահմանում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
-
օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
-
լսում է և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
-
վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.
-
Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.
-
Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.
-
ստեղծում է խորհրդակցական մարմիններ.
-
Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին, բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին օրենքների նախագծերը և բյուջեի կամ բյուջեի կատարման հաշվետվության հաստատման առնչությամբ կարող է դնել Հայաստանի Հանրապետության կառավարության վստահության հարցը.
-
Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստերում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի թեկնածության վերաբերյալ.
-
իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13.Նախարարի բացակայության դեպքում նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը, դրա անհնարինության դեպքում նախարարի հանձնարարությամբ նախարարի տեղակալներից մեկը:
14.Նախարարի տեղակալը
- համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները նախարարությանը վերապահված քաղաքականությանիրականացման իրեն հանձնարարված բնագավառում.
- իր լիազորությանների սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
- նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառի նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարկանների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
- նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
- համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
- իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
- իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
- պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.
- ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
- նախարարին և աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում նրանց իրավասությանը վերաբերող հարցերով.
- նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ
15.Գլխավոր գանձապետն ի պաշտոնի հանդիսանում է նախարարի տեղակալ և իրականացնում է ՙԳանձապետական համակարգի մասին՚ ՀՀ օրենքով նախատեսված լիազորություններ:
16.Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:
| |